Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Պետք է ձևավորվի որակապես նոր վերնախավ

Պետք է ձևավորվի որակապես նոր վերնախավ
05.11.2023 | 07:25

Մի շատ կարևոր բան պետք է ասեմ, որը, ցավոք սրտի, ժամանակակից պայթած ու գլխատված հասարակությունն անկարող է գիտակցել։

2020 թվականի նոյեմբերի 9-ով սկսվեց մեր հասարակարգի շռնդալից փլուզումը։ Հին հասարակարգը, որին մենք սովոր էինք, այլևս վերականգնվել չի կարող։ Դա ուղղակի անհնար է։ Եվ սա տեղական ու առանձնահատուկ գործընթաց չէ, որը տեղի է ունենում մեր ազգային, պատկերավոր ասած, ճահճում։ Այն գլոբալ է։ Վաղը պետք է տարածվի ամբողջ աշխարհում։ Ուզենք, թե չուզենք, մենք առաջինն ենք անցնելու տեկտոնիկ ցնցումներով ու փորձություններով։ Ավելի շուտ, անցնում ենք։ Ցավոք, չգիտակցելով, թե ուր։

Արդյունքում պետք է ձևավորվի որակապես նոր ու աննախադեպ վերնախավ, որը կառաջնորդի, այսպես կոչված, հասարակությանը կամ, ավելի ճիշտ, լայն զանգվածներին պատմական ու քաղաքական հորձանուտներում։

Այլևս չի կարող հասարակությունը լինել միատարր, օրինակի համար, ընդհանուր ընտրակարգով կառավարվող։

Այս մեծ լճացումն իր հետքերն անպայման թողնելու է հասարակական զարգացումների վրա։ Եվ այստեղ մեղավոր են այն զանգվածները, որոնք կուլ տվեցին տեղեկատվական, ավելի ճիշտ, ֆեյքային խայծը և իրենց սմարթֆոններով դարձան «պատմություն կերտողներ»՝ ոտնահարելով բոլոր ավանդական, հազարամյա կարմիր գծերը։ Առնվազն մեկ կամ երկու սերունդ այս զանգվածները հետ մնացին արդի սրընթաց՝ առավելապես տեխնոլոգիական զարգացումներից։

Նրանք շարունակում են երազել «թալանվածը» հետ բերելու մասին ինքնահանգստացման ու ռելաքսի ռեժիմով, ինչն աննորմալ է այս տեխնոլոգիական կատաղի մրցակցության փուլում։

Կարճ ասած, մեզ և բոլոր ազգերին սպասում է երկփեղկված հասարակություն՝ արդի մարտահրավերներին պատրաստ ակտիվ վերնախավ և տեղեկատվական թունավոր թմբիրի մեջ կիսաքնած զանգվածներ, որոնք պետք է կառավարվեն կոշտ մեթոդներով, թույլ չտալու ինքնաոչնչացում՝ օրուելյան անասնաֆերմա դառնալու կործանարար ձգտում։

Սա է ապագայի ցավալի ճշմարտությունը։

Կհաղթեն այն ազգերը, որոնց նոր ձևավորված վերնախավերը, կոպիտ ասած, քարշ տալով դուրս կբերեն իրենց հիվանդ ու հաշմանդամ հանրությունները հասարակական խոր ճգնաժամից։

Ահա թե ինչու է համատարած ողբն ու բողոքը, որովհետև զանգվածների առավել սթափները և ակտիվները տեսնում են, որ հնին վերադարձ չկա։

Դժբախտաբար, նրանք չեն տեսնում այլընտրանքը։

Ժամանակն է արդեն հասարակական այս արմատական տրանսֆորմացիան ըմբռնելու համար։

Նոր ձևավորվող վերնախավի մասին

Այն վաղուց սկսվել է։ Խոսքը բացարձակապես չի վերաբերում «նախկիններին» ու «նորերին»։

Կազմվում են ցուցակներ, որոնք անընդհատ փոփոխվում և խմբագրվում են։

Այդ մարդիկ մոբիլիզացված են խաղաղ ու ստեղծագործ բնագավառներից։ Նրանք միտք չունեն իշխանության գալու։ Ցանկանում են արմատական փոփոխություններ լինեն և հետ վերադառնան իրենց բնագավառներ, որտեղ այդ մարդիկ վաղուց ինքնահաստատված և ինքնաբավ են։ Կան երիտասարդ ու ավյունով կադրեր, որոնք պատրաստ են ռիսկի դիմել իշխանության համար, բայց շատ կարճ ժամանակով, որովհետև գիտակցում են, թե որքան ծանր են լինելու իշխանական հատկանիշներն այս սարսափելի ճգնաժամի պայմաններում։ Կարճ ասած, տեխնոկրատներ են։

Որոշ մարդկանց գիտեք, մեծամասնությանը՝ ոչ։ Գիտեք, որովհետև նրանց երբեմն հեռարձակում են փտած ու նեխած լրատվամիջոցները՝ անուղեղ ու կամակատար լրագրողները, փորձելով այդ մարդկանց նույնպես լուսաբանել նախկինների և նորերի անասելի բութ, սահմանափակ ու կործանարար տրամաբանությամբ։

Հիմա հարցն այն է, թե ինչպե՞ս առաջ բերել և հանրային ճանաչում ապահովել այդ մարդկանց, որոնցից կախված է լինելու մեր ապագան։

Շատ ծանր խնդիր է, որովհետև մեր միջին ստատիստիկական մարդը ենթագիտակցորեն ընդունում է միայն այն մարդկանց և գործողությունները, որոնք լուսաբանված են ԶԼՄ-ներով և գովազդված են ռեկլամային վահանակներով։ Իսկ այդ գործիքները գտվում են, կոպիտ ասած, մեր թշնամիների ձեռքում։

Հույսը միայն ցանցային մեթոդներն են։

Մենք պիտի կարողանանք ցանցային արշավներով, պրոակտիվ քաղաքականությամբ, կազմակերպված գրառումներով ու տարածումներով մեր խոսքն հասցնել առավելագույն զանգվածներին։

Ուրիշ ճանապարհ չկա այս պիղծ ռեժիմի և կեղծ ընդդիմության աքցաններում։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 5924

Մեկնաբանություններ